Պակիստանի իշխանությունները հրաժարվել են տեղեկատվություն հրապարակել նվերների մասին, որոնք վարչապետ Իմրան Խանը ստացել է օտարերկրյա առաջնորդներից 2018 թվականի օգոստոսին կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո, հայտնում է Associated Press-ը:

«Վարչապետին օտարերկրյա նվերների մասին տեղեկատվությունը պետական ​​գաղտնիք է, քանի որ Պակիստանի կառավարության ղեկավարի կողմից օտարերկրյա առաջնորդների հետ նվերների փոխանակումն արտացոլում է միջպետական ​​հարաբերությունները: Նման տեղեկատվության բացահայտումը կարող է վնասել Պակիստանի շահերին միջազգային քաղաքականության ոլորտում եւ վտանգել միջպետական ​​հարաբերությունները»,- ասել է Իմրան Խանի գրասենյակը: Այն ուղարկվել է Իսլամաբադի բարձրագույն դատարան` ի պատասխան որոշման, որը կառավարությանը պարտավորեցնում է 10 օրվա ընթացքում մանրամասն տեղեկություններ տրամարդել, այդ թվում՝ Իմրան Խանի՝ այլ երկրներից ստացած բոլոր նվերների արժեքների մասին՝ տեղեկատվության հասանելիության մասին օրենքի հիման վրա:

Պետության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ բացատրվում է, որ Իմրան Խանը սովորաբար նման նվերները փոխանցում է պետական ​​պահեստ, եւ եթե նա ցանկանում է դրանք պահել իրեն, ապա անձնական միջոցներ է ներդնում դրանց դիմաց վճարելու համար: Թե կոնկրետ ինչ գումարներ է վճարում վարչապետը նվերների համար, չի նշվում:

Իսլամաբադի բարձրագույն դատարանը քննում է դրա պատասխանը: Ավելի վաղ դատարանի վճռում ասվում էր, որ Իմրան Խանին եւ պետական ​​բոլոր պաշտոնյաներին տրվող նվերների վերաբերյալ հանրային տեղեկատվության բացակայությունը «նպաստում է անցանկալի լուրերի առաջացմանը եւ վստահության պակաս է ձեւավորում քաղաքացիների եւ պետական ​​գերատեսչությունների միջեւ»: