Սուդանում պետական հեղաշրջման անհաջող փորձը կատարվել է երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի կողմնակից սպաների (զրահատանկային զորքերից) կողմից, տեղեկացնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Հեղաշրջման մասնակիցների հրամանատարն էր գեներալ-մայոր Աբդել Բաքի Բաքրաուին, նրանք կապված էին իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի հետ։ Կալանավորվել է մոտ 40 սպա, ներառյալ Բաքրաուին։ Իրավիճակը իշխանությունների լիակատար վերահսկողության տակ է։

Ներկա պահին դիմադրության գրեթե բոլոր օջախները ճնշված են, զինված ուժերը փորձում են չեզոքացնել դեռեւս ազատության մեջ գտնվող դավադիրներին։ Բանակը շրջապատել է զրահատանկային կորպուսի շտաբը, բայց եւ փորձում է խուսափել ուժ կիրառելուց։

Ավելի վաղ ԶՈւ հրամանատարությունը եւ երկիրը ղեկավարող Ինքնիշխան խորհուրդը ժողովրդին պետհեռուստատեսությամբ կոչ են արել «կանգնել երկրի պաշտպանության դիրքերում եւ աջակցել անցումային շրջանին»։ Հայտնի է, որ կառավարության եւ խորհրդի անդամներից ոչ մեկը չի տուժել, նրանք կատարում են իրենց աշխատանքը սովորական ռեժիմով։