Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մշտական ​​հանձնաժողովի նիստ այս շաբաթ չի նախատեսվում, հաղորդում է IRNA-ն:

«Այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ԳՀՀԾ-ի վերաբերյալ մշտական ​​հանձնաժողովի նիստ օրակարգում չկա: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը երկկողմ ձեւաչափով հանդիպումներ կունենա ԳՀՀԾ-ի մասնակիցների հետ»,- ասել է Խաթիբզադեն:

Խաթիբզադեի խոսքով՝ ԳՀՀԾ-ի մասնակից երկրների արտգործնախարարներն արդեն իսկ հետաքրքրություն են հայտնել նման հանդիպումների անցկացման հարցում:

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն այսպես է արձագանքել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի երեկ Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսին արված այն հայտարարությանը, որ ԳՀՀԾ-ի մշտական ​​հանձնաժողովի նիստը տեղի կունենա այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: