Չադի արեւելքում միջհամայնքային բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 27 մարդ, հայտնում է AFP-ն:
Երկրի արդարադատության նախարարության ղեկավար Մահամաթ Ախմատ Ալհաբոյի խոսքով՝ սեպտեմբերի 19-ին բախումներ են տեղի ունեցել քոչվորների եւ ֆերմերների միջեւ երկրի մայրաքաղաք Նջամենայից 700 կմ դեպի հյուսիս-արեւելք Կիջի-Մին եւ Տիյո գյուղերի տարածքում գտնվող հողակտորի շուրջ:

«2017 թվականին տեղական իշխանություններն այդ հողակտորը վաճառել էին քոչվորներին, սակայն ֆերմերները վիճարկում են այդ գործարքը,- ասել է Մահամաթ Ահմաթ Ալհաբոն:- Բախումների հետեւանքով զոհվել է 27 մարդ»:

Վերջին հինգ տարվա ընթացքում Չադի տարբեր շրջաններում գյուղատնտեսական եւ քոչվոր ցեղերի միջեւ պարբերաբար բախումներ են տեղի ունենում: Դրանք պայմանավորված են Սահարայի անապատի տարածմամբ դեպի Սահելի սավաննայի շրջան, ինչն ուղեկցվում է արոտավայրերի կրճատմամբ եւ լճերի ու գետերի արագ չորացմամբ: Այս պայմաններում բնակչության տարբեր խմբերի միջեւ ուժեղանում է մրցակցությունը բերրի հողերի եւ ջրի համար: