Իսպանական Պալմա կղզում (Կանարյան կղզիների ինքնավար համայնք) հրաբխի ժայթքման վնասը կգերազանցի 400 միլիոն եվրոն, երեքշաբթի հայտարարել է Կանարյան կղզիների կառավարության ղեկավար Անխել Վիկտոր Տորեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պալմա կղզին աղետի տարածք է, վնասն ավելի քան 400 միլիոն եվրո կկազմի»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: Տորեսը հաստատել է, որ հինգշաբթի Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI պետք է այցելի կղզի:

Կանարյան կղզիների կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ այժմ լավայի հոսքերը դեպի ափ են շարժվում 200 մ/ժ արագությամբ, «եւ ոչինչ անել հնարավոր չէ»: «Երբ [լավան] հասնի ծով, դա կլինի ջրբաժանի պահ»,- ասել է նա:

Սեպտեմբերի 19-ին Պալմայի Էլ Պասո գյուղի տարածքում հրաբխի ժայթքում սկսվեց: Հրաբխի խառնարանից հրաբխային նյութերի ակտիվ արտանետում է տեղի ունենում: Լավայի հոսքերն արդեն ավերել են ավելի քան 150 տուն, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել է մոտ 6 հազար մարդ: