ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ), եթե Իրանը նույն մոտեցումը ցուցաբերի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից՝ 76-րդ նստաշրջանում ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակներում, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխմանը: Մենք աշխատում ենք «5 գումարած 1» ձեւաչափով՝ Իրանին դիվանագիտորեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձնելու համար», - ասել է նա: «Մենք պատրաստ ենք ամբողջությամբ վերադառնալ [համաձայնագրին], եթե Իրանը նույնը անի»:   

Ավստրիայում Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) միջեւ ապրիլից բանակցություններ են ընթանում՝ իրանական միջուկային համաձայնագիրը իր սկզբնական տեսքով վերականգնելու համար: Կողմերը քննարկում են Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, միջուկային ոլորտում նրա  ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների վերադարձը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաեւ առանձին խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան էմիսարների հետ՝ առանց Իրանի մասնակցության: Ի սկզբանե պատվիրակությունները նախատեսել են աշխատանքներն ավարտել մայիսի վերջին, ապա` հունիսի սկզբին:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն երեքշաբթի հայտարարել է, որ Վիեննայում մի քանի շաբաթվա ընթացքում վերսկսվելու են միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցությունները: