Նիկոլ Փաշինյանը և պաշտոնյանները չմոտեցան մեր երեխաների շիրմիներին, որովհետև յուրաքանչյուր ծնող իր երեխայի մոտ էր, որ նրանց թույլ չտար մոտենալ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշում է զոհված զինծառայողի մայրը։

«Նա այնքան տղամարդ չէր, որ այս կողմերը գար։ Նազարի այս տարածք գալը շատ տհաճ էր, որովհետև նա մեր հայրենիքը կաթիլ առ կաթիլ տալիս է թշնամուն։ Նա վատ էլ չի զգում, որ այսքան երիտասարդների կյանքը խափանեց։  Պարզ է այն կողմում մինչեւ 44–օրյա պատերազմը զոհված զինծառայողների ծնողներն էին, ծնողները չէին գա։ Ինքը չէր էլ գալու, Նազար, ամոթ քեզ։ Թե տղամարդ ես, արի դեմս կանգնի։ Հարամ լինի քո ծնունդը, քո կերածը։ Դիպուկահարներին տեսնեիք։ Նայում ես ու ամաչում ես, որ այդ շունը մեզ ղեկավարում է։ Ամեն մեկն իր երեխու մոտ էր, որ թույլ չտար մոտենալ»,- նշում է նա։

Զոհված այլ զինծառայողի մայր պատմեց, որ իր որդին ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։

«Երեխեքը նույնիսկ կրակել չգիտեին, տարել էին առաջին գիծ, 40 օր սոված-ծարավ։ Հեռադիտակ էր ուզում։  Ինչո՞ւ պետք է երեխան հեռադիտակ ուզի ծնողից։ Երեխեքը ջուր չեն ունեցել։ Հերթափոխ չեն ունեցել։ Իրենց դիպուկահարն է խփել։ Անապատում էին՝ շրջափակման մեջ, չէին կարող փախչել»,- պատմում է որդեկորույս մայրը։                

Ծնողները Անկախության 30–ամյակին նվիրված միջոցառումները սխալ են համարում։ Հիշեցնում են՝ որդեկորույս մայրերը գնացել էին Կառավարություն՝ միջոցառումը չեղարկելու խնդրանքով։

«Դրա ժամանակը չի, մենք ազատ հայրենիք չունենք հիմա, մենք տարբեր երկրներից կախվածություն ունենք։ Խրախճանք սատանաներն են անում մարդկանց սգի վրա։ Նա ուզում է այդ տոնակատարությամբ մոռացնել տալ այս երեխեքի թափած արյունը։ Որ այս էջն էլ արագ շուռ տա»,- ասում է որդեկորույս մայրը։