Նյու Մեքսիկո նահանգի Super 8 հյուրանոցի այցելուն հայտնել է ջրի ծորակից անհայտ նյութի բյուրեղների թափվելու մասին, գրել է Daily Mail-ը:

Հյուրանոցի այցելուն դիմել է ոստիկանություն: Փորձարկման նախնական արդյունքների համաձայն՝ հայտնաբերված բյուրեղը պարունակում է մետամֆետամին՝ ամֆետամինի ածանցյալ, որը թմրամիջոց է համարվում:

Նման նյութ է հայտնաբերվել հյուրանոցի ուրիշ համարներում եւս: Սա մտահոգել է իշխանություններին՝ հյուրանոցի ջրամատակարարման համակարգում նյութի հնարավոր առկայության վերաբերյալ, ինչի պատճառով շենքում ջուրն անջատվել է, իսկ հյուրանոցը՝ փակվել:

Քաղաքային իշխանությունները ստուգել են հյուրանոցի ջրամատակարարման համակարգից դուրս ջրի որակը եւ պարզել, որ այն աղտոտված չէ: Ոստիկանությունից հայտնել են, որ դյուրակիր TruNarc սարքի միջոցով նյութի լրացուցիչ փորձարկումների արդյունքները տվել են «ոչ համոզիչ արդյունքներ»:

Միջադեպի հետաքննությունը շարունակվում է: