Ածխածնի արտանետումները նվազեցնելու համար ավտոմեքենաների էլեկտրաֆիկացման համաշխարհային արշավը կարող է 2050 թվականին կրկնակի չափով կրճատել նավթի վերամշակման հզորությունների պահանջարկը: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Rystad Energy խորհրդատվական ընկերության վերլուծաբանների կանխատեսմանը:

Rystad Energy-ի ավագ փոխնախագահ եւ վերամշակման բաժնի ղեկավար Մուկեշ Սախդեւը նշել է, որ մինչեւ 2050թ. էլեկտրամեքենաների մասնաբաժինը կարող է հասնել մինչեւ 90 տոկոսի: Ըստ վերլուծաբանի՝ այս սցենարը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի վերամշակման ներկայիս հզորությունների 50 տոկոսով կրճատման:

«Էլեկտրամոբիլները կնվազեցնեն բենզինի եւ դիզելային վառելիքի համաշխարհային սպառումը, սակայն ավիացիայի, նավթաքիմիական ոլորտներում այլ նավթամթերքների պահանջարկը կարող է բարձր մնալ ուրբանիզացիայի պատճառով, ինչը խնդիրներ կստեղծի վերամշակման ոլորտի համար», - մեկնաբանել է նա:

Rysted Energy-ի վերլուծաբանները 2021 թվականի երկրորդ կեսին ակնկալում են պահանջարկի ավելացում մինչեւ օրական 80.1 մլն բարել, որը նախկինում կրճատվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով:

2021 թվականի օգոստոսի կեսերին Չինաստանում նավթի վերամշակումը վերջին 14 ամիսների ընթացքում հասել է նվազագույն մակարդակի: Չինաստանի գործողությունները հանգեցրել են ծավալների ռեկորդային անկման, ինչը մեծացրել է ճնշումը անկախ ձեռնարկությունների վրա: Ավելի վաղ նմանատիպ անկում գրանցվել էր 2020 թվականի մայիսին՝ համավարակի ամենաթեժ պահին: Այս տարի Չինաստանի իշխանությունները բարեփոխումներ են իրականացնում նավթավերամշակման արդյունաբերության մասնավոր հատվածում` աղտոտվածությունը սահմանափակելու եւ արդյունաբերողների համար հարկային բացերը փակելու համար: