Թուրքիան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը: Նման կարծիք է հայտնել հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը՝ երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարեւոր ենք համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանումը՝ ներառյալ Ղրիմի տարածքը, որի անեքսիան մենք չենք ճանաչում: Անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար», - ասել է Թուրքիայի նախագահը:

Մինչդեռ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ Անկարան չի ճանաչում Ղրիմում Պետդումայի ընտրությունները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել ընտրությունների արդյունքները եւ հույս ունի, որ հանրապետության դիրքորոշումը կփոխվի: