Բրազիլիայի առողջապահության նախարար Մարսելո Կեյրոգան, ով ուղեկցում էր նախագահ Ժաիր Բոլսոնարոյին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցության նպատակով  Նյու Յորք այցի ժամանակ, վարակվել է կորոնավիրուսով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կեյրոգան կմնա Նյու Յորքում եւ ինքնամեկուսացման մեջ կլինի 14 օր: Պատվիրակության բոլոր անդամները COVID-19-ի ախտորոշման թեստ կհանձնեն եւ առաջիկա օրերին կաշխատեն հեռակա կարգով:

Ինչպես նշում է թերթը, սա ՄԱԿ-ում Բոլսոնարուին ուղեկցող քաղծառայողների շրջանում կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքն է: Ավելի վաղ վարակը հայտնաբերվել էր Բրազիլիայի նախագահի՝ ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստման վրա աշխատող խմբի անդամներից մեկում:

Կեյրոգան, նախքան վարակի հայտնաբերումը, հասցրել էր այցելել ՄԱԿ-ի կենտրոնակայան եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված  հուշահամալիր: Նա նաեւ մասնակցել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ Բոլսոնարուի հանդիպմանը եւ տեղաշարժվել էր քաղաքով: Թերթի տվյալներով՝ Բրազիլիայի առողջապահության նախարարության ղեկավարը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ մինչ այս տարվա մարտին պաշտոնը ստանձնելը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ով ժամանել էր Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու նպատակով, թույլ չեն տվել մտնել ռեստորան՝ քաղաքում գործող սանիտարական կանոնների պատճառով: Նա ցույց չէր տվել COVID-19-ի դեմ պատվաստման հաստատումը, ինչի պատճառով նրան ստիպել էին ճաշել փողոցում, նրան ընկերակցում էր առողջապահության նախարար Մարսելո Կեյրոգան: