Բացասական փաստ է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման ենթարկեցին, բայց դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ընդ որում՝ իրենց իսկ վկայությամբ, Ադրբեջանում գտնվելու ընթացքում իրենք որեւէ վատ վերաբերմունքի չեն արժանացել: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

NEWS.am-ը ներկայացնում է անկախության 30-րդ տարեդարձը նշելու եւ  խաղաղության դարաշրջան բացելու տեսլականի վերաբերյալ  «Արմենպրես»–ի հարց ու պատասխանը ԱԺ փոխնախագահի հետ։

Պարոն Ռուբինյան, վերջին շրջանում շատ էր քննարկվում պատերազմից հետո անկախության տոնը նշել-չնշելու հարցը: Ինչպե՞ս կգնահատեք երեկ տեղի ունեցած միջոցառումը։

Կարծում եմ, ճիշտ որոշում էր Անկախության 30-ամյակն այսպես նշելը, որովհետեւ, ի վերջո, ոչ միայն այս երեսուն տարիների, այլ նաեւ նախորդած մի քանի դարերի մեր բոլոր զրկանքները հենց անկախության համար են եղել: Գտնում եմ՝ նման քննարկումներ ընդհանրապես պիտի չլինեին: Մենք չպիտի թույլ տանք, որ որեւէ զրկանք, որեւէ կորուստ սասանի մեր հաստատակամությունը՝ կառուցելու ազատ եւ անկախ հայրենիք: Մեր նախնիները հարյուրամյակներով պայքարել են այն բանի համար, որ մենք այսօր կարողանանք ունենալ եւ նշել այս օրը, եւ կարծում եմ,  երեկվա միջոցառումը զուսպ էր, ճաշակով եւ տեղին։

Հիմա շատ է խոսվում խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց մենք անընդհատ տեսնում ենք միջադեպեր, որոնք կասկածի տակ են դնում, թե որքանով է դա հնարավոր, հենց թեկուզ Քասախի երկու բնակիչների հետ վերջերս Որոտանiի մոտ տեղի ունեցած միջադեպը:

Այո, ցավոք, այս ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ ապակառուցողական խոսքերի եւ քայլերի, որոնք ստիպում են մտածել, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը անիրատեսական է: Բայց կարծում եմ՝ պետք է ամուր նյարդեր ունենանք ու համբերատար առաջ տանենք մեր օրակարգը՝ հիմնված մեր պետական շահի վրա: Այս համատեքստում գուցե պետք է փորձենք նշանակություն տալ նաեւ փոքրիկ դրական քայլերին: Հենց թեկուզ ձեր նշած միջադեպը: Բացասական փաստ է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման ենթարկեցին: Բայց դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ընդ որում՝ իրենց իսկ վկայությամբ, Ադրբեջանում գտնվելու ընթացքում իրենք որեւէ վատ վերաբերմունքի չեն արժանացել: Հույս ունենք, որ նմանատիպ շարունակական քայլերով հնարավորություն կստեղծվի առաջ շարժվել խաղաղության օրակարգով: