Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքին մոտ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։

«Ինձ զանգել են ու ասել, որ ռուսները եկել են, դրոշը հանել, ի՞նչ անենք, ես էլ ասացի, որ իրավասու չեմ ասել՝ ինչ անեք։ Դա վերեւների հարցն է, ես ինչ իմանամ»,– ասաց համայնքի ղեկավարը։

Լեռնիկ Ավանեսյանի խոսքով՝ սեպտեմբերի 20–ին, ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են էին տվել իրենց դիրքը ,ապա ռուս խաղաղապահների միջնորդությամբ հետ գնացել։ Սակայն ադրբեջանցիները պայման են դրել, որ  Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը պետք է իջեցվի, իսկ ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են դրա փոխարեն Հայաստանի դրոշը կախել։ Մաճկալաշեն համայնքի ղեկավարն ասաց, որ այս պահին Ամարասի վրա ոչ մի դրոշ չկա։