Իտալական մաֆիոզ խմբավորումները կարող են ուշադրություն դարձնել այն միջոցներին, որոնք Եվրամիությունը հատկացնելու է Իտալիային հակաճգնաժամային հիմնադրամի շրջանակում՝ COVID-19-ի համավարակից հետո վերականգնողական աշխատանքի համար։ Այս մասին ասվում է Մաֆիայի դեմ պայքարի վարչության (DIA) զեկույցում, որին ուշադրություն է դարձրել ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հետազոտությունն ընդգրկում է 2020թ. երկրորդ կեսը եւ մանրամասն նկարագրում, թե ինչպես է մաֆիային հաջողվել հարստանալ համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի շնորհիվ։ DIA-ը կասկածում է, որ մաֆիոզիներն ընտրել են նոր ռազմավարություն, որով կարող են ընդլայնել իրենց ազդեցությունը. «արյունալի հաշվեհարդարների» փոխարեն նրանք ընտրում են Իտալիայի ֆինանսական համակարգ աստիճանաբար ներթափանցելու ուղին, առաջին հերթին՝ այն ոլորտներում, որոնց հատկացվում են ԵՄ միջոցները։

Այսպես, հանցավոր խմբավորումները վերահսկողություն են սահմանում ծանր դրության մեջ գտնվող ընկերությունների վրա եւ դրանց միջոցով ստանում հիմնադրամների հատկացրած օգնության միջոցները։ Բացի այդ, հարստանալ ցանկացող որոշ մաֆիոզ կլաններ թափանցում են էներգետիկ արտադրանքի (քսուքներ եւ յուղեր) մաքսանենգության ոլորտ՝ առաջարկելով ավելի ցածր գներ, քան նավթային ընկերությունները։

Զեկույցը կազմողները նշում են, որ ԵՄ երկրները պետք է շտապ կասեցնեն մաֆիոզիների գործունեությունը եւ խանգարեն նրանց հարստանալ նշված ձեւով։