Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը կարգադրել է աֆղանական ուժային կառույցների շարքերում չընդգրկել մարդկանց, ովքեր հանցակից են կոռուպցիային, ինչպես նաեւ մերկացվել են անբարո վարքի մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Pajhwok-ին։

Նրա տեղեկատվությամբ՝ նշյալ գերատեսչություններում չի թույլատրվում ծառայել այն անձանց, ովքեր «հանցակից են կոռուպցիային, անբարո գործողությունների կամ թշնամական ակտերի կատարմանը»։

«Թալիբան» շարժումը Աֆղանստանի հանդեպ վերահսկողության հաստատման մասշտաբային գործողություն է սկսել ԱՄՆ-ի կողմից այս տարվա գարնանը իր զինված ուժերը դուրս բերելու որոշման հայտարարումից հետո։ Օգոստոսի 15-ին արմատականներն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը։ Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին ողջ աֆղանական տարածքի վրա հսկողություն սահմանելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը։

Սեպտեմբերի 15-ին Քարի Ֆասիհուդդինը, որին թալիբները նշանակել են Գլխավոր շտաբի պետ, հայտարարեց այն մասին, որ «Թալիբանը» դիտարկում է Աֆղանստանում մոտ ապագայում կանոնավոր բանակ ստեղծելու հնարավորությունը։