Մենք հպարտ ենք հայտարարելու 2022-2023 ուստարվա համար եզրափակիչ դուրս եկած երեք կրթաթոշակառուների անունները: 30-ից ավել դիմորդներից ընտրված երեք հաղթողները՝ Շաղեկ Մանջիկյանը, Աստղիկ Մարկոսյանը և Նունե Զադոյանը, եզրափակիչ են անցել մրցակցային հարցազրույզների միջոցով, և կհամալրեն իրենցից առաջ ծրագրի շրջանակներում արդեն իսկ ընտրված 15 հայ կրթաթոշակառուների շարքերը: 2017թ.-ին մեկնարկած այս ծրագիրը գործընկերություն  է ԱՄՆ-ի պետքարտուղարության և Հ. Հովնանյան Ֆեմիլի Ֆաունդեյշնի միջև, և միտված է ներդրում կատարելու գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներով հետաքրքրված ուսանողների կրթության մեջ՝ ԱՄՆ-ում մագիստրոսի աստիճանին հետամուտ լինելու համար: Չնայած թեկնածուները իրենց ուսումնասիրությունները կենտրոնացնելու են մասնագիտական տարբեր ոլորտներում, նրանք բոլորն ունեն մեկ ընդհանուր նպատակ` վերադառնալ Հայաստան և ձեռք բերված գիտելիքներն ու փորձը ներդնել երկրի ավելի լավ ապագայի կերտման մեջ:

Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել ծրագրի մասնակիցների տեխնոլոգիական և ձեռնարկատիրական հմտությունները, ովքեր ընտրվում են ոչ միայն իրենց ակադեմիական առաջադիմության, այլև իրենց տեսլականի և հայրենիք վերադառնալուց հետո երկրում շահավետ, բեղմնավոր ազդեցություն ունենալու ձգտման հիման վրա: Խոսքը ոչ միայն որակյալ կրթություն ստանալու մասին է, այլև բազմամշակութային արժեքների, փորձի, ցանցային կապերի բացահայտման և փոխանակման մասին, որոնք հանգեցնում են ավելի լայն մտահորիզոնի և վերլուծական մտածողության:

Եզրափակիչ անցած առաջին մասնակիցը Շաղեկ Մանջիկյանն է, ով ցանկանում է ընդլայնել իր իրավաբանական փորձը միջնորդության, արբիտրաժի և դատավարության  վեճերի լուծման մեթոդների ուսումնառության ոլորտում՝ Հայաստանում առևտրային իրավունքի կարևոր բացերը լրացնելու համար: Շաղեկը Սիրիայից է՝ Քեսաբից, նա Հայաստան է գաղթել Սիրիայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Ուսումնառության ավարտին՝ Հայաստան վերադառնալուց հետո, նա պատրաստվում է դասավանդել հայաստանյան բուհերում և կիսել ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև ստեղծել իրավաբանական գրասենյակ և ուժեղ թիմ՝արբիտրաժային հայցերով զբաղվելու համար:

Եզրափակիչ անցած երկրորդ մասնակիցը Աստղիկ Մարկոսյանն է: Աստղիկ Մարկոսյանը շահագրգռված է ստանալ կենսաբանության մագիստրոսի կոչում` պահպանողական կենսաբանության ոլորտում: Նա մասնագիտացած է թռչունների ոլորտում, և ջանասիրաբար աշխատում է անհետացող տեսակների խնդիրների վրա: Մասնավորապես, նա բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել Հայաստանում արագիլների պոպուլյացիայի և աղտոտված միջավայրի/գետերի ոլորտում: Բարձրագույն կրթությունն ԱՄՆ-ում նրան հնարավորություն կտա ուսումնասիրել արևմտյան լավագույն փորձը, զարգացնել առաջադեմ հմտություններ՝ ժամանակակից հետազոտական մեթոդների ուսումնասիրության և ընտրության մեջ, և հարմարեցնել դրանք Հայաստանի խնդիրների լուծմանը: Ուսումնառությունից հետո Աստղիկը նախատեսում է վերադառնալ Հայաստան և իրականացնել համապարփակ հետազոտություններ և վտանգված տեսակների տվյալների հավաքագրում և վիճակագրության վերլուծություն, ինչպես նաև գտնել ուղիներ վտանգված տեսակների գոյության սպառնալիքները մեղմելու համար:

Եվ եզրափակիչ անցած երրորդ մասնակիցը Նունե Զադոյանն է, ով հետաքրքրված է ձեռնարկատիրական գործունեության մեջ սոցիալական ազդեցության խորացմամբ: 2017թ-ին նա գործարկել է մի ծրագիր, որն առաջարկում է գործարար հմտություններ Հայաստանի մարգինալ բնակչությանը՝ ներառյալ ուղղիչ հաստատություններում գտնվող կամ վերջերս ազատ արձակվածներին, նրանց հաջող վերականգնման և հասարակության մեջ վերաինտեգրման ապահովման նպատակով: Հայաստան վերադառնալուց հետո Նունեն նախատեսում է գործարկել բիզնես ինկուբատոր և ընդլայնել տեղեկատվության և հմտությունների հասանելիությունը Հայաստանի մարգինալացված խմբերին և գյուղական համայքներին:

Շնորհավորում ենք եզրափակիչ անցած բոլոր երեք մասնակիցներին, և անհամբերությամբ սպասում լավ լուրերի այն մասին, թե ինչ ազդեցություն կունենան նրանք ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքների իրացման արդյունքում Հայաստանում դրական փոփոխություններ գրանցելու գործընթացում: Հիմնադրամը շահագրգռված է ԱՄՆ-ում հետբուհական կրթություն ստանալու համար որակյալ թեկնածուների թվի ավելացմամբ, և ողջունում է բոլոր հետաքրքրվածներին, առաջարկելով այցելել հետևյալ կայքէջ՝ https://am.usembassy.gov/education-culture/educational-exchange/,  ընտրության չափորոշիչների պահանջների և դիմելու ընթացակարգերի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: