Խաբարովսկի մոտակայքում «Ան-26» լաբորատոր ինքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում եղել է վեց մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինքնաթիռը տեխնիկական թռիչք էր կատարում՝ օդանավակայանի թռիչքուղու շրջանցմամբ:

Նախնական տվյալներով՝ այն բախվել է Բոլշեխեխցիրսկի արգելոցի բլուրներին:

Մահացածների թվում են ինքնաթիռի հրամանատար Մ. Սիմակովը, երկրորդ օդաչու Գ. Ա. Պոպովը, ղեկապետ Բոլշակով Ա.Ա.-ն, մեխանիկ Բ.Ի. Դրոժժինը, ռադիստ Դ.Լ. Զայցեւը, ինքնաթիռի օպերատոր Ս. Վ. Տվերդունովը:

Արտակարգ ծառայություններում վթարի հավանական պատճառ են համարում վատ եղանակը, չեն բացառվում նաեւ տեխնիկական խախտումները:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաբարովսկի մոտակայքում ռադարներից «Ան -26»-ի անհետացման կապակցությամբ քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ: