Սուդանում հեղաշրջման փորձի բոլոր մասնակիցները ձերբակալվել են, նրանք պատասխանատվության կենթարկվեն, հայտարարել է փոխարտգործնախարար Մոհամմադ Շարիֆը:

«Մի քանի օր առաջ նախկին ռեժիմի հետ կապված մի շարք սպաների կողմից հեղաշրջման փորձ տեղի ունեցավ: Այդ փորձը մերժվեց Սուդանի ժողովրդի բոլոր շերտերի կողմից: Հեղաշրջման բոլոր մասնակիցները ձերբակալվել եւ կալանավորվել են: Դրա հանգուցալուծումն արտացոլեց սուդանցիների համերաշխությունը մեր երկրի կառավարության հետ: Այն մարդիկ, ովքեր մասնակցել են հեղաշրջմանը, կկանգնեն դատարանի առջեւ»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Երեքշաբթի Սուդանի իշխանությունները հայտնել էին, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձ են կանխել: Զինված ուժերի հրամանատարության հայտարարության համաձայն՝ հեղաշրջման փորձի մասնակիցների մեծ մասը ձերբակալված է, այդ թվում՝ 21 սպա եւ մի շարք զինվորականներ: Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդոկը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը վկայում է բարեփոխումների անհրաժեշտության մասին բանակում եւ անվտանգության մարմիններում: Սուդանի իշխանություններն ապստամբության կազմակերպիչներ են անվանել նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի կողմնակիցներին: