Ես ներկա եմ եղել երեկվա միջցառմանը եւ իմ շարքում, դիմացի, հետեւից շարքերում որեւէ ազատ աթոռ չեմ նկատել. Ընդդիմության պատգամավորներից որոշ մասը հավանաբար չեն եկել, որը քաղաքական ակցիա է, բողոքի ձեւ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը մեծ թվով հրավիրյալների տեղեր դատարկ էին:

Հարցին, թե արդյոք սա միայն Նիկոլ Փաշինյանի համար չէր բեմադրված, պատգամավորը պատասխանեց. «Հայաստանի անկախության 30-ամյակը ինչպե՞ս կարող է որեւէ մեկին վերաբերել: Դա բոլորիս է վերաբերում, բոլորիս սրբությունն է այդ անկախությունը պահելը: Յուրաքանչյուրս իր բնագավառում պետք է անի առավելագույնը անկախությունը պահելու համար: Սա սակարկելի առիթ չէ: Եվ նախկինում, եւ այժմ, բոլոր իշխանությունները ձգտել են բացառապես պետականության հզորացման ճանապարհով գնալ: Այլ հարց է, որ ապացուցվել է, որ շատ դեպքերում կառավարման ապաշնորհության, կոռուպցիայի բարձր աստիճանի, ընտրակեղծիքների արդյունքում հաճախ եղել են այնպիսի խեղաթյուրումներ, որոնք պետությանը վնասել են»:

Անդրադառնալով նրան, որ ադրբեջանցիների պահանջով Ամարասի վրայից հանվել է Արցախի դրոշը, Բագրատյանն ասաց. «Ադրբեջանցիները շատ բան կարող են պահանջել: Ես էլ, օրինակ, պահանջում եմ, որ Բաքվի իրենց կառավարության վրայից հեռացնեն Ադրբեջանի դրոշը»:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն պետք չէ հաղթել, նա արձագանքեց. «Մենք բոլոր արտահայտությունները ուղիղ ենք հասկանում: Այսինքն ես ձեզ հաճախ ոչ թե պետք է կռվելով հաղթեմ, այլ իմ վրա աշխատելով, իմ ինտելեկտուալ կարողությունները  բարձրացնելով հաղթեմ, ոչ թե բոքսով հաղթեմ: Ես այդպես եմ ընկալել»:

Բագրատյանը բերեց Չինաստանի օրինակը, որը 30 տարի առաջ որոշում կայացրեց աշխատել լուռ, առանց բարձրագոչ խոսքերի եւ հասնել բարեկացության բարձր մակարդակի, վերացնել աղքատությունը. «30 տարի լուռ աշխատելով նրանք այսօր աշխարհում տնտեսության մեջ առաջին պետությունը դարձան:

Այսօր ընդդիմությունն ԱԺ-ում խաղարում է խորհրդարանի բնականոն գործունեությունը: Եթե մենք պետք է բազմաթիվ օրենքներ բերեինք Ազգային ժողով, ռազմարդյունաբերությունը զարգացնեինք, ունենայինք հզոր զինված ուժեր, մենք ուշացնում ենք»: