Ազգային ժողովի շենքի մոտ, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, բողոքի ակցիա են իրականացրել ասորական համայնքի ներկայացուցինչները, որոնք դեմ արտահայտվում ասորական Դիմիտրով գյուղը համայնքների խոշորացման գործընթացում ընդգրկելուն:

Նրանք կոչ են անում իշխանություններին վերանայել այդ նախագիծը եւ չվերացնել 200 տարի առաջ ստեղծված գյուղը որպես առանձին համայնք: Դիմիտրովի բնակիչների խոսքով, դա կարող է վտանգել գյուղի բնակիչների լեզվի և մշակույթի պահպանումը։

Հատկանշական է, որ Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրված է, որ համայնքների խոշորացման գործընթացը չպետք է անդրադառնա այն գյուղերին, որտեղ կոմպակտ կերպով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են բնակվում։ Այդուհանդերձ, այժմ գյուղն ուզում են միացնել Արտաշատ համայնքին։

Դիմիտրով համայնքի ղեկավար Իրինա Սահրադովա-Գասպարյանի խոսքով, ավելի վաղ իրենց խոստացել էին, որ գյուղը չի «խոշորացվի», բայց օրերս ԱԺ-ում ելույթի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ասել էր, որ «ասորիները գյուղում ընդամենը 14 տոկոս են կազմում»:

«Գյուղի դպրոցում միայն մեկ ասորի ուսուցիչ կա: Հիմա եթե Դիմիտրովը դառնա Արտաշատ համայնքի քառասուն գյուղերից մեկը, այնտեղ ո՞վ է մտածելու ասորիների մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ գյուղի ավագանիում 7-ից միայն մեկն է ասորի: