Ռուսաստանի համար սկզբունքորեն կարեւոր է պահպանել Երեւանի եւ Բաքվի միջեւ միջնորդի դերը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԵՊՀ-ում «Ռուսաստանը Հարավային Կովկասում․ սպառնալիքներ եւ մարտահրրավերներ հայ-ռուսական ռազմավարական միության համար» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԳԻՄՕ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը։

Միջնորդի այս կարգավիճակը, նրա խոսքով, թույլ է տալիս Ռուսաստանին շարունակել գերիշխող դեր ունենալ տարածաշրջանում, մինչդեռ Թուրքիան նման կարգավիճակ չունի, եւ, հետեւաբար, նա չի կարող միջնորդ լինել:

«Երկրորդ, Բաքվի հետ հարաբերությունները կարեւոր են Մոսկվայի համար ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաեւ Կասպից տարածաշրջանի համատեքստում, ինչպես նաեւ կարեւոր են բազմաթիվ տնտեսական կապեր: Այդ պատճառով Ռուսաստանը կխուսափի այնպիսի իրավիճակից, երբ ստիպված կլինի ընտրություն կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Սա քաջ հայտնի է Երեւանին, Բաքվին եւ Անկարային»,-պարզաբանեց Սիլաեւը: