ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հանդիպել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որից հետո հայտարարել են Վիեննայում Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին, հայտնել է IRNA գործակալությունը:

«Քննարկումը կենտրոնացած էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վրա: ԵՄ դիվանագիտության ղեկավար Բորելը որպես ԳՀՀԾ-ի համատեղ հանձնաժողովի համակարգող, կրկնել է Վիեննայում բանակցությունների շուտափույթ վերսկսման կարեւորությունը` ԳՀՀԾ-ի լիարժեք իրականացմանը վերադառնալու համար: Իրանի արտգործնախարարը հավաստիացրել է մոտ ժամանակներս բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին», - ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ միջուկային գործարքի ամբողջական վերականգնման շուրջ բանակցությունները Վիեննայում վերսկսվելու են մի քանի շաբաթվա ընթացքում: