ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆյուկվեյ-Վարինա քաղաքից մի տղամարդ իր սիրեցյալին ամուսնության առաջարկություն է արել իրենց այրված տան ավերակների վրա, հայտնել է Daily Mail-ը:

Շոն Մեթյուսը ծրագրում էր իր ընկերուհուն՝ Քելլի Սթենլիին, ամուսնության առաջարկություն անել նոր տանը միասին ապրելու մեկ տարին նշելիս, սակայն ամերիկացու ծրագրերը խափանվել են հրդեհի պատճառով:

Հրդեհի պահին զույգը ռեստորանում է եղել եւ հարեւանուհուց է իմացել կատարվածի մասին: Մեթյուսը եւ Սթենլին վախեցել են տանը գտնվող շան համար, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանք բաց են թողել ավտոտնակի դուռը, եւ հարեւանները փրկել են կենդանուն: Նրանք նաեւ անջատել են գազը` պայթյունը կանխելու համար: 

«Մենք տանից 10 րոպե հեռավորության վրա էինք, եւ ծխի սյունը տեսանելի էր: Հետո տեսանք, թե ինչպես են մեր հարեւանները հավաքվել՝ փորձելով փրկել մեր տունն ու շանը», - ասել է Մեթյուսը:

Երբ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը, զույգին թույլ են տվել մտնել տուն՝ տեսնելու, թե ինչ իրեր կարող են փրկել: Զույգը կորցրել է գրեթե ղղջ ունեցվածքը:

Այն ամենից հետո, ինչի միջով նրանք միասին անցել են, տղամարդը ամուսնության առաջարկություն է արել սիրեցյալին՝ այրված տան փլատակների մոտ: Կինը չէր սպասում իրադարձությունների նման շրջադարձի:

Հրշեջ-փրկարարները Շոնին եւ Քելլիին ասել են, որ եթե նրանք քնած լինեին հրդեհի բռնկման ժամանակ, ամենայն հավանականությամբ, չէին փրկվի, քանի որ հրդեհի ազդանշանը չի աշխատել:

Հոկտեմբերին հարսն ու փեսան նախատեսում են բնակարան վարձել, որտեղ կապրեն մինչեւ նոր տան կառուցումը: