Աստղագետները հայտնաբերել են երկու հնագույն գալակտիկա, որոնք նախկինում հնարավոր չի եղել տեսնել փոշու հաստ շերտի պատճառով: Նրանց գոյությունը վկայում է Տիեզերքի կյանքի առաջին շրջանում մոլորակային «շինանյութերի» հսկայական պաշարների առկայության մասին: Գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ​​ամսագրում:

«Մենք չգիտեինք այս գալակտիկաների գոյության մասին ոչ միայն այն պատճառով, որ դրանք շատ հազվագյուտ են, այլ որովհետեւ փոշու կուտակման պատճառով դրանք հնարավոր չի եղել տեսնել: Միանգամից երկու նման օբյեկտի հայտնաբերումը հուշում է, որ փոշին մեր տեսադաշտից թաքցնում է վաղ Տիեզերքի գալակտիկաների մոտ 20 տոկոսը», - ասել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ Վասեդա համալսարանի (Ճապոնիա) դոցենտ Յոշինոբու Ֆուդամոտոն:

Գիտնականները պարզել են, որ գոյության առաջին հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում Տիեզերքն անթափանց է եղել էլեկտրամագնիսական ճառագայթման շատ ձեւերի համար, քանի որ այն հիմնականում լցված է եղել ջրածնի եւ հելիումի չեզոք մոլեկուլներով: Այս իրավիճակը փոխվեց Մեծ պայթյունից մոտավորապես 300-400 միլիոն տարի անց, երբ տիեզերքի առաջին աստղերն ու գալակտիկաները սկսեցին իոնացնել շրջակա տարածությունը:

Ըստ գիտնականների՝ հայտնաբերված հնագույն գալակտիկաներում լուսատուների ընդհանուր զանգվածը համեմատելի է Ծիր Կաթինի եւ հարեւան գալակտիկաների զանգվածի հետ: Միեւնույն ժամանակ, աստղագետները պարզել են, որ այս օբյեկտների նոր լուսատուները, որոնք ստացել են REBELS-12-2 եւ REBELS-29-2 անունները, ձեւավորվել են տասնյակ անգամներ շատ ավելի արագ, քան մեր Գալակտիկայում, ինչը վկայում է սառը գազի եւ փոշու մեծ պաշարների առկայության մասին:

ALMA-ի եւ միկրոալիքային այլ աստղադիտակների միջոցով գալակտիկաների հետագա դիտարկումները ցույց կտան, թե գիտնականները որքան են թերագնահատել հնագույն գալակտիկաների թիվը, ենթադրել են հայտնագործության հեղինակները: