Լիտվայի պաշտպանության նախարարությունը կոչ է արել գրաքննության պատճառով հրաժարվել Xiaomi սմարթֆոններից, հայտնել է Reuters-ը:

Զեկույցում գերատեսչությունը նշել է, որ չինական ընկերության սմարթֆոնները պարունակում են գրաքննության գործառույթներ իրականացնող ծրագրակազմ. այն արգելափակում է «Ազատ Տիբեթ», «Կեցցե Թայվանի անկախությունը» կամ «շարժում հանուն ժողովրդավարության» արտահայտությունների գրումը եւ տարածումը: Փորձագետները նաեւ ասել են, որ Xiaomi գաջեթներն արգելափակում են այս տերմիններն ու արտահայտությունները չինական իշխանությունների ցուցումով:

Պարզվել է, որ այս գործառույթը անջատված է Եվրամիության տարածքում, սակայն այն կարող է ակտիվացվել ցանկացած պահի: Փորձագետների կարծիքով՝ այս կերպ չինական կորպորացիան կարող է վնասել եվրոպական ժողովրդավարությանը: «Մենք առաջարկում ենք չգնել չինական նոր հեռախոսներ եւ հնարավորինս շուտ ազատվել արդեն ձեռք բերվածներից», - ասել է Լիտվայի պաշտպանության փոխնախարար Մարգիրիս Աբուկեւիչիուսը:

Xiaomi-ն ոչ մի կերպ չի մեկնաբանել մեղադրանքները:

Ավելի վաղ Պեկինը Վիլնյուսից պահանջել է հետ կանչել Չինաստանում իր դեսպանին: