Տարվա առաջին 7 ամիսներին, հանքարդյունաբերությունից բացի, արդյունաբերական ճյուղերի մեծ մասում անկում է գրանցվել։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ տարեսկզբից տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.2%, ընդ որում աճ են արձանագրել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը և ծառայությունների ոլորտը։ Չնայած այն հանգամանքին, որ նկատվում է դրական միտում, այնուամենայնիվ տնտեսության աճն ավելի փոքր է, քան կանխատեսել էր ՀՀ կառավարությունը. 2019 թվականի մակարդակը չի վերականգնվել։

Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտին, ապա համաձայն ներկայացված պաշտոնական տեղեկատվության՝ 2021 թվականի հունվար – հուլիսին Հայաստանում արտադրվել է մոտ 1.1 տրլն դրամի արդյունաբերական արտադրանք, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածին 2.1%-ով։ Թվում է, թե նշված ցուցանիշը վկայում է արդյունաբերության հավելաճի մասին, սակայն, եթե հաշվի առնենք, որ վերջինս ապահովվել է հանքարդյունաբերության աճի շնորհիվ(7.2% կամ 226 մլրդ դրամ), ապա կարելի է պնդել, որ արդյունաբերության աճ տեղի չի ունեցել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առանց հանքարդյունաբերության ոլորտում անկում է արձանագրվել, մասնավորապես մշակող արդյունաբերության ոլորտում արտադրվել է 682 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.1%-ով։

Հարկ է արձանագրել, որ 2021 թվականի հունվար – հուլիս ամիսների ընթացքում անկում են ապրել արդյունաբերության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը(անկում՝ 17.7% կամ 67 մլրդ դրամ), ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը (անկում՝ 4% կամ 800 տոննա),  պոլիգրաֆիական գործունեությունը, գրառված կրիչների բազմացումը(անկում 10.2% կամ 10.7 մլրդ դրամ), քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը(անկում՝ 17.4% կամ 10.1 մլրդ դրամ), հիմնական մետաղների արտադրությունը(անկում՝ 22.4% կամ 88.6 մլրդ դրամ), պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը, բացի մեքենաներից և սարքավորումներից(անկում՝ 46.2 % կամ 5.4 մլրդ դրամ) և կահույքի արտադրությունը(անկում՝ 1.1% կամ 4.3 մլրդ դրամ)։

Արամ Աճեմյան