Դուք պատվաստված եք, ինչո՞ւ եք դիմակ կրում. Դիմակ եք կրում, որովհետեւ պատվաստված մարդն էլ կարող է վարակվե՞լ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբար Արա Զոհրաբյանը:

Ի պատասխան նախարարն ասաց. «Իմ կարծիքով, երբ մեր երկրի օրենսդիրը հետեւում է սահմանված կանոններին, դա ճիշտ մեսիջ է մեր քաղաքացիներին.

Այո, ես պատվաստվել եմ, երկու դեղաչափն էլ ստացել եմ: Ինչու եմ կրում դիմակ եւ ինչու է այս պահին աշխարհի շատ-շատ երկրներ, որոնք ունեն պատվաստման բարձր ցուցանիշներ, դեռ պահպանում դիմակի կրման ռեժիմը: Պատասխանը շատ պարզ է. դելտա շտամը, որը կովիդի մուտացված շտամերից մեկն է, ունի վարակելիության շատ ավելի բարձր ցուցանիշ:Եթե մինչեւ դելտա շտամի առկայությունը շատ երկրներ, օրինակ Իսրայելը, որը արդեն գարնանը պատվաստումների 40-50 տոկոսից ավելի ցուցանիշ ուներ, հրաժարվել է դիմակների կրման ռեժիմից: Այսօր աավելի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում եւս հետ է բերել դիմակների կրման ռեժիմը: Եթե ալֆա շտամը եւ դելտայից առաջ ի հայտ եկած շտամները չունեին նման վարակելիության ցուցանիշ, պատվաստման առկայությունը այդ պահին բավարար էր համարվում, որ դիմակ չկրենք:

Բաց, ցավոք սրտի, վարակը արագ մուտացվում է եւ դա նաեւ նրա արդյունքն է, որ չհաջողվեց միաժամանակյա բնակչության պատվաստում իրականացնել, ինչը կկոտրեր վարակի տարածման շղթան»:

Ճշտող հարցին՝ պատվաստված մարդն էլ կարող է վարակվել եւ վարակե՞լ, Անահիտ Ավանեսյանը դրական պատասխան տվեց. «Այո, իհարկե, պատվաստումը չի բացառում վարակման փաստը»:

Նշենք, որ ԱԺ հանձնաժողովում քննարկվում է «Հանրային ծառայությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, որով հոկտեմբերի 1-ից պարտադրանք է կիրառվելու՝ 14 օրը մեկ անգամ թեստավորվել, պատվաստման սերտիֆիկատ ներկայացնել կամ բժիշկների հակացուցման մասին եզրակացություն ներկայացնել: