Սենատոր Լինդսի Գրեմը եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Ուոլթցը Հանրապետական կուսակցությունից խոսել են Աֆղանստանում դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդի հետ, տեղեկացնում է Politico թերթը։

«Մեծ պատիվ էր խոսել Ահմադ Մասուդի հետ, որը գլխավորում է Աֆղանստանի Ազգային դիմադրության ճակատը։ Մենք ուրախ էինք լսել, որ նա հավատարիմ է մնում «Թալիբանի» դաժանությանը դիմադրելուն եւ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը»,- ասվում է կոնգրեսականների հաղորդագրությունում։ Նրանց խոսքով՝ այդ զրույցից հետո նրանց համար պարզ է դարձել, որ թալիբները ժողովրդականություն չեն վայելում Աֆղանստանում։ Թե երբ է տեղի ունեցել խոսակցությունը՝ չի նշվում։

Ուոլթցը եւ Գրեմը կարծում են, որ «Թալիբանը» չպետք է ճանաչվի միջազգային հանրության եւ Միացյալ Նահանգների կողմից, քանի որ «թալիբների կառավարությունը եւ զինված ուժերը կազմված են «Ալ-Քաիդայից» եւ ահաբեկչական այլ խմբավորումներից։ Քաղաքական գործիչները հորդորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմին չհամաձայնել ՄԱԿ-ում երկրի ներկայացուցչությունը նրանց փոխանցելու առաջարկներին։

Օգոստոսին այդ նույն քաղաքական գործիչները Բայդենին կոչ էին արել որպես Աֆղանստանի լեգիտիմ կառավարության ներկայացուցիչներ ճանաչել Ահմադ Մասուդին եւ փոխնախագահ Ամրուլա Սալեհին։