Անհասկանալի է՝ ինչու պետք է պատվաստվեն վարակվածները եւ արդեն ապաքինվածները։ Այս մասին ԱԺ-ում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ եթե առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մնար նիստերի դահլիճում եւ շարունակեր քննարկումը, ապա կկարողանար լույս սփռել այդ հարցի վրա։

«Արդեն կան մի շարք հետազոտությունների արդյունքներ։ Այսպես, BBC-ն հրապարակել է ամերիկյան երկու հետազոտություն․ Ռոկֆելերի եւ Վաշինգտոնի համալսարանների հետազոտությունները, որոնց համաձայն ՝ վարակվածների մոտ իմունիտետը չափազանց բարձր է եւ նույնիսկ պահպանվում է ողջ կյանքի ընթացքում»,-ասաց Գրիգորյանը։

Նա նաեւ հղում կատարեց ԵՊԲՀ հետազոտությանը, որում ասվում է, որ տարեկան վարակման 1500 դեպքերից միայն մեկ կրկնակի վարակման դեպք է հայտնաբերվել։