Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն անընդունելի է անվանել Վրաստանի սահմանապահների խտրական ու անպատշաճ պահվածքն Իրանի քաղաքացիների նկատմամբ եւ Թբիլիսիին կոչ է արել հնարավորինս շուտ լուծել հարցը: Այս մասին հայտնում է Tasnim News-ը:

Երկիր մուտք գործելու հարցում խտրական եւ անպատշաճ վերաբերմունքնի վերաբերյալ Վրաստանում բնակվող իրանցիների բողոքներին ի պատասխան՝ Խաթիբզադեն ասել է, որ Թբիլիսիում Իրանի դեսպանատունն ուշադիր հետեւում է այս խնդրին, ինչպես նաեւ այդ մասին տեղեկացվել է Թեհրանում Վրաստանի դեսպանատանը:

Նա նաեւ իր ակնկալիքն է հայտնել, որ Վրաստանի իշխանությունները հնարավորինս արագ կլուծեն այդ խնդիրները:

Նշենք, որ վերջերս վրացի սահմանապահներն արգելել են իրանցիների մուտքը Վրաստան, նույնիսկ նրանց, ովքեր մշտական ​​վիզա ունեն:
.