Գիտնականներն ապացուցել են, որ թափանցիկ մարմնով եւ փոքր գլխով  ձուկը, որը բնակվում է Մյանմայում, պատկանում է Danionella նոր ցեղաստեսակին: Այս ձկները հետաքրքիր են նրանով, որ չունեն գանգի կափարիչ, ուստի իդեալական մոդել են ծառայում նյարդաֆիզիոլոգիական հետազոտությունների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Scientific Reports-ին:

Ձկան երկարությունը 10-12 միլիմետր է: Այն չունի թեփուկներ, իսկ մարմինն ու գլուխն այնքան թափանցիկ են, որ կենդանու ուղեղը տեսանելի է:

Գերմանիայից, ԱՄՆ-ից եւ Շվեյցարիայից գիտնականները՝ օգտագործելով դասական տաքսոնոմիկական մեթոդների եւ մոլեկուլային մոտեցումների համադրություն, ցույց են տվել, որ աշխարհի մի քանի նեյրոկենսաբանական լաբորատորիաներում ուսումնասիրված ձկները Danionella translucida անունով իրականում նոր, նախկինում անհայտ տեսակներ են:

Նոր հայտնաբերված ձկան մարմնի երկարությունը կազմում է ոչ ավել, քան 13,5 միլիմետր եւ բնակվում է Մյանմայի Բագո Յոմա լեռների հարավային եւ արեւելյան նախալեռնային գետերում: Այնտեղ նա ապրում է ավելի սառը շերտերում՝ 30 սանտիմետր խորությունից ցածր՝ ընդամենը 25 աստիճան ջերմաստիճանի պայմաններում:

Ձկների հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը նրա փոքրիկ ուղեղն է՝ բոլոր հայտնի ողնաշարավորներից ամենափոքրը: Այս առանձնահատկությունն ընդգծելու համար գիտնականները նոր տեսակին տվել են Danionella cerebrum անունը (լատիներեն cerebrum - ուղեղ):