Մարոկկացի, ամերիկացի եւ եվրոպացի հնագետներն ու մարդաբաններն ուսումնասիրել են Մարոկկոյում հայտնաբերված զարդերը եւ պարզել, որ դրանք 142-150 հազար տարեկան են եւ մարդկության ամենահին զարդերն են հանդիսանում, հայտնել է Science Advances-ը:

Ուլունքները Tritia gibbosula տեսակի խխունջի փոքր պատյաններ են, որոնք հայտնաբերվել են Մարոկկոյի քարանձավում 2014-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում: Ամենայն հավանականությամբ, դրանք կրել են որպես վզնոց, կամ որպես կախազարդեր եւ ականջօղեր: Բիզմունի քարանձավը, որտեղ դրանք հայտնաբերվել են, գտնվում է Մարոկկոյից հարավ-արեւմուտք՝ Էս-Սուվեյրա նավահանգստային քաղաքից 20 կմ հեռավորության վրա՝ Ատլանտյան օվկիանոսի ափին:

Հոդվածի հեղինակներից մեկը՝ Սթիվեն Կունը, կարծում է, որ զարդարանքները նաեւ մեր նախնիների խորհրդանշական վարքագծի ամենավաղ ձեւերն են եղել, որոնց միջոցով նրանք ձգտել են ինչ-որ կերպ նշել ցեղում իրենց հատուկ դերը՝ դրանով իսկ հիմք դնելով մարդկային ճանաչողական հմտություններին: