Ֆրանսիայում հանգստյան օրերին կարող են թթվային անձրեւներ տեղալ իսպանական Պալմա կղզում հրաբխի ժայթքման պատճառով: Այս մասին պատմել է BFMTV հեռուստաալիքի օդերեւութաբանական ծառայության ղեկավար Քրիստոֆ Պերսոնը:

Նրա խոսքով՝ բացի լավայի հոսքից, հրաբուխը մեծ քանակությամբ՝ օրական մի քանի տոննա ծծումբ է արտանետում մթնոլորտ: Ծծմբի երկօքսիդի այս զանգվածը աստիճանաբար կհասնի Ֆրանսիա, փոխանցել է Gazeta-ն:

«Սա իր հետեւանքները կունենա, քանի որ ծծումբը օդում ռեակցիայի մեջ է մտնում ջրային գոլորշու հետ՝ առաջացնելով ծծմբաթթու, որն էլ թթվային անձրեւ է առաջացնում: Այդ անձրեւներն արդեն մոտենում են Ֆրանսիային, եւ, անշուշտ, կտեղան մեզ մոտ այս հանգստյան օրերին», - զգուշացրել է Պերսոնսը:

Կումբրե Վյեխա հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին: Մինչ այդ մեկ շաբաթվա ընթացքում Պալմա կղզում տեղի է ունեցել ավելի քան 25 հազար երկրաշարժ, որոնց արդյունքում տարհանվել է մի քանի հազար մարդ, հարյուրավոր տներ վնասվել են: