Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցականների ու ծնողների միջեւ: Այս մասին գրել է «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթը` հղում անելով Ղրղզստանի Բատկեն շրջանի ղեկավարի տեղակալ Մարուֆխան Տուլաեւին:

Նրա խոսքով՝ այսօր՝ տեղի ժամանակով ժամը 13:00-ին, մոտ 30 տաջիկ դպրոցականներ սահմանամերձ Կոկ-Տաշ գյուղում հարձակվել են 13-14 տարեկան չորս ղրղզ երեխաների վրա եւ ծեծել նրանց:

Տուժածները բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացվել են:

Տուլաեւը նշել է, որ Ղրղզստան-Տաջիկստան սահմանին տիրող իրավիճակն այժմ ուժայինների վերահսկողության տակ է:

Smotrim.ru պորտալը հայտնել է, որ տուժածների ծնողներն ու հարազատները գնացել են հարեւան շրջան եւ ծեծի ենթարկել երկու աշակերտի ու նրանց ծնողներին: Դրանից հետո կռվին միացել է ավելի քան 50 մարդ: Ծեծկռտուքը դադարեցվել է երկու երկրների շրջանային վարչակազմերի ներկայացուցիչների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների ջանքերով:

Տաջիկական կողմի տվյալներով՝ դպրոցականների հարձակումը ղրղզստանցի դեռահասների վրա կարող էր հրահրված լինել դրանից երկու ժամ առաջ տեղի ունեցած միջադեպով։ Ինչպես հայտնել է Sputnik Տաջիկստանը՝ հղում անելով Ջամոաթի ղեկավար Չորքուխ Շուքուրխոնին, առավոտյան ժամը 11-ին Ղրղզստանի Բատկեն քաղաքի բնակիչները քարեր են նետել Տաջիկստանի Սոմոնիոն գյուղի թիվ 64 դպրոցի աշակերտների վրա։ Միջադեպի հետեւանքով տուժել են նաեւ Սոմոնիոն գյուղի բնակիչներից մեկը եւ եւս մեկ երեխա: Տաջիկական կողմը հայտնել է 4 հոսպիտալացված անձանց մասին։