Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նրանում, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր ղեկավարած ընկերությունը շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը: Այս մասին, ի պատասխան ֆեյսբուքյան օգտատերերից մեկի տված հարցին, Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում է հայտարարել:

«Ամենևին կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում, այստեղ բանալի բառերը «մրցույթ» և «հաղթել» բառերն են, դրանով ամեն ինչ ասված է: Խնդրում եմ հարցը բարձրացնողին ուսումնասիրել, թե քանի մրցույթի է մասնակցել ու քանիսում է հաղթել նշված անձը» - ասել է Պապիկյանը։

Հարցին՝ իսկ իրենք ինչո՞ւ էին քննադատում նախկին իշխանություններին՝ ասելով, որ նրանց հետ փոխկապակցված անձինք են շահում մրցույթներում, Պապիկյանն ասել է, որ քննադատելու համար հիմքեր են ունեցել: