Կանադայում Իսրայելի եւ հրեաների հարցերի կենտրոնը նացիստական ​​հանցագործ Հելմուտ Օբերլենդերի մահվան ֆոնին կոչ է արել վերանայել միգրացիոն համակարգը, որպեսզի ծանր հանցագործությունների մեջ կասկածվող անձինք չկարողանան խուսափել արդարադատությունից, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օբերլենդերը մահացել է 97 տարեկան հասակում՝ Կանադայի Օնտարիո նահանգում, որտեղ դատական կարգով դեռ քննվում էր նրա արտաքսման հարցը:

«Կոչ ենք անում հիմնովին վերանայել միգրացիոն եւ ապաստանի տրամադրման համակարգերը ենթադրյալ ռազմական հանցագործների համար, որպեսզի նրանք, ովքեր ենթադրաբար ծանր հանցագործություններ են կատարել, չկարողանան խուսափել դատավարությունից», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

«Արդարադատության նկատմամբ ծաղրը երբեք չպետք է կրկնվի Կանադայում», - շեշտել է կենտրոնը:

ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ ծագումով ուկրաինացի Օբերլենդերը ներգրավված է եղել Ռոստովի մարզում 1942 թվականին 27 հազար մարդու սպանության մեջ:

Օբերլենդերը չի հերքել, որ մասնակցել է սպանություններին, սակայն պնդել է, որ իրեն սպառնացել են եւ ստիպել գնալ նման քայլերի 17 տարեկան հասակում:

Նա Կանադա է տեղափոխվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մի քանի տարի անց եւ ստացել Կանադայի քաղաքացիություն, որից ավելի ուշ զրկվել է: