Ֆրանսիայի Ռուան քաղաքի քաղաքապետ Նիկոլա Մաֆիեր-Ռոսինյոլն առաջարկել է քաղաքի կենտրոնում գտնվող Նապոլեոնի հուշարձանը փոխարինել ֆեմինիստ ակտիվիստ Ժիզել Հալիմիի արձանով, որը մահացել է անցյալ հուլիսին՝ 93 տարեկան հասակում, հայտնել է Le Point-ը:

«Ամբողջ Ֆրանսիայում կանայք ընդամենը 5 տոկոս դեպքերում են ներկայացված հանրային տարածությունում, արդյո՞ք դա արդար է: Մի՞թե նրանք մարդկության ընդամենը 5 տոկոսն են կազմում», - վրդովվել է քաղաքապետը:

Ժիզել Հալիմին իրավաբան եւ ակտիվիստ էր, ով իր կյանքը նվիրել էր կանանց իրավունքների համար պայքարին: Նա համբավ է ձեռք բերել 1972 թվականի աղմկահարույց դատավարության ընթացքում. Հալիմին հասել է անչափահաս աղջկա արդարացմանը, որին բռնաբարությունից հետո դատում էին աբորտի համար: