Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը նախազգուշացրել է Աֆղանստանում միջազգային ահաբեկչության վերածննդի սպառնալիքի մասին: Այս մասին Տաջիկստանի ղեկավարը հայտարարել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 76-րդ նստաշրջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր խաղաղ աֆղանական ժողովուրդը ահաբեկման է բախվել: Մենք պետք է հասկանանք, որ դա Աֆղանստանի ժողովրդի մեղքը չէ, այս իրավիճակը կազմակերպվել է դրսից եւ պարտադրվել է աֆղան ժողովրդին»,- ասել է Էմոմալի Ռահմոնը: «Տարբեր ահաբեկչական խմբավորումներ ակտիվորեն օգտագործում են Աֆղանստանի անկայուն ռազմաքաղաքական իրավիճակը՝ սեփական դիրքերն ամրապնդելու համար»,- ասել է Տաջիկստանի նախագահը:

«Մենք ականատես եղանք «ԻՊ»-ի, «Ալ-Քաիդա»-ի հազարավոր անդամների ազատ արձակմանը: Մենք լրջորեն մտահոգված ենք եւ ափսոսում ենք, որ այսօր Աֆղանստանը կրկին կանգնած է միջազգային ահաբեկչության ձեւավորման հարթակ դառնալու ճանապարհին»,- ասել է Ռահմոնը:

Նա հիշեցրել է, որ ավելի քան 40 տարի Աֆղանստանը տառապում էր զինված հակամարտությունից: «Աշխարհը քաջատեղյակ է 2001 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հետեւանքներին»,- հիշեցրել է Տաջիկստանի առաջնորդն ԱՄՆ-ում «Ալ-Քաիդա» խմբավորման կազմակերպած ահաբեկչությունների մասին, որոնց ղեկավարներն այն ժամանակ ապաստան էին ստացել Աֆղանստանում երկրում իշխող թալիբների կողմից: «Տառապող Աֆղանստանը եւ բարեկամ եղբայրական ազգերը չպետք է նորից ներքաշվեն պարտադրված արյունահեղ պատերազմի անդունդի մեջ,- ասել է Տաջիկստանի նախագահը:- Այս կապակցությամբ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Աֆղանստանում եւ հարեւան երկրներում ապրող ազգերի ու ժողովուրդների ճակատագրի նկատմամբ: Ուստի նրանք պետք է ակտիվ գործողություններ ձեռնարկեն այս իրավիճակի հետ կապված»:

Ռահմոնի խոսքով՝ Աֆղանստանում առկա ճգնաժամի պատճառն ԱՄՆ-ի որոշումն էր՝ այդ երկրից զորքերը դուրս բերելու մասին, որը նա անպատասխանատու որակեց: Տաջիկստանի նախագահը հիշեցրել է աֆղանական թալիբների՝ իշխանության գալուց հետո ճգնաժամի սրման հետեւանքով խաղաղ բնակիչների մահվան եւ աֆղանցի զինվորականների ու պետծառայողների նկատմամբ հաշվեհարդարների մասին: Հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը՝ Տաջիկստանը ներկայիս սպառնալիքներին դիմակայման առաջնագծում է, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, արմատականությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, նշել է Էմոմալի Ռահմոնը: