Պլաստիկը մոմի վերածելու բրիտանական սթարթափը սկսել է տարածվել Ասիայում, որտեղ հատկապես սուր է պլաստիկե թափոններից ազատվելու խնդիրը, գրում է Bloomberg-ը։

Մեծ Բրիտանիայում հետազոտողների խումբը ստեղծել է մոլորակի համար անվնաս պլաստիկ։ Այն քայքայվում է եւ վերածվում մոմի։ Եվրոպական ընկերությունն արդեն գործարք է կնքել Թայվանում 7-Eleven հսկայի մատակարարի հետ։ Բրիտանացիները նաեւ իրենց տեխնոլոգիան վաճառել են պլաստմասի համաշխարհային խոշոր արտադրողներից մեկին՝ Formosa Plastics-ին։

Իր կայքում Polymateria-ն հայտարարում է, որ ստեղծել է աշխարհում առաջին լիովին կենսաքայքայվող պլաստիկը եւ սկսել դրա զանգվածային արտադրությունը։

Ընկերության գլխավոր տնօրեն Նայլ Դանը նշել է, որ Polymateria-ի արտադրանքը միկրոպլաստիկ (հինգ միլիմետրից ոչ պակաս երկարությամբ մասեր) չի թողնում քայքայման գործընթացում։ Գյուտի առավելություններից մեկն այն է, որ նման պլաստիկի ուտիլացումը հատուկ սարքավորումներ չի պահանջում։

Պլաստիկի բաղադրության մեջ կան տասնյակ քիմիական նյութեր, ներառյալ կաուչուկ, յուղեր եւ խոնավություն կլանողներ, որոնք այնուհետեւ քայքայում են պլաստմասի պոլիմերները եւ նյութը վերածում մոմի։

Այնուհետեւ այդ մոմը, եթե հայտնվել է բնության մեջ, լիովին կլանվում է մանրէների եւ սնկերի կողմից։ Polymateria տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է ստեղծել ինչպես բարակ սննդային թաղանթ, այնպես էլ պինդ նյութեր, ասենք, բաժակների համար։

Բարակ տարաները քայքայվում են 226 օրում (համեմատության համար՝ սովորական պլաստիկե տարան աղբանոցում քայքայվում է մոտ հազար տարի)։ Այդ նույն պլաստիկը կարելի է օգտագործել երկրորդ անգամ։