Ինձ զարմացնում է այն, երբ հարցադրում է արվում, թե ինչպես կարելի է մարդկանց համար թեստավորման համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ հոկտեմբերի 1-ին քաղաքացիներն աշխատանքի գնալիս կամ պետք է ներկայացնեն պատվաստված լինելու մասին փաստաթուղթ, կամ պետք է ամսական երկու անգամ թեստավորվեն, ինչը վճարովի է:

«Մարդկանց ամենեւին որեւէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետեւ մարդիկ այդ ծախս անելու կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բոլոր մարդիկ բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Քաղաքացին ինքն է ընտրում ծախս անի, թե չանի»,-ասաց նա՝ հավելելով, որ 300 հազարից ավելի պատվաստումների դեպքում չունենք հիշատակման արժանի որեւէ բարդություն:

«Հաջորդ շեշտադրումը, որ փորձում են պատվաստման մեջ դավադրություն տեսնել. Կառավարությունն առաջինը ինքն է պատվաստվել: Այս դահլիճում բոլորը պատվաստված են, եթե չունեն հակացուցում: Ես ինքս պատվաստված եմ, մեր ընտանիքի անդամները պատվաստված եմ: Եթե մենք հակամարմինների հետ կապված զգանք, որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու, մենք դա անպայման պետք է անենք: Մենք այսօր կարողություններ ունենք օրական մինչեւ 10 հազար մարդու պատվաստել: Մենք հիմա եզրային վիճակում ենք եւ պետք է կոչ անեմ համաճարակային կանոնները պահել»,-ընդգծեց Փաշինյանը: