Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Իվ Լե Դրիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպման ժամանակ քննարկել են Աֆղանստանի իրավիճակը եւ պատրաստակամություն հայտնել նպաստել այդ երկրում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մանրամասն քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցեր: Մանրամասն ուսումնասիրվել է Աֆղանստանում իրավիճակի զարգացումը: Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստելու այդ երկրում խաղաղության եւ կայունության հաստատմանը, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում:

Քննարկվել են միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ կարծիքների փոխանակում Լիբիայում եւ իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման խնդիրների վերաբերյալ:

Նախարարները մանրամասն ուսումնասիրել են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում ռուս-ֆրանսիական կապերի զարգացմանն առնչվող երկկողմ հարցերի լայն շրջանակ եւ քննարկել հետագա շփումների ժամանակացույցը:

Լավրովը եւ Լե Դրիանը նաեւ փոխադարձ հանձնառություն են հայտնել աշխատել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։