Մենք սա գնահատում ենք որպես ապօրինի գործընթաց եւ հանցագործություն, որովհետեւ ՍԴ-ի ուղիղ պահանջը չի իրականացվել. Ամբողջ գործընթացն ապօրինի է տեղի ունենում, համապատասխան քննարկումներ չեն եղել, համայնքների կարծիքները չի լսվել, համայնքների  շահը հաշվի չի առնվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխություններին, որով համայնքների խոշորացում է նախատեսվում:

«Առհասարակ մենք խոշորացմանը դեմ չենք, բայց դեմ ենք այս վիճակով, այս կազմակերպմամբ համայնքների խոշորացմանը: Որեւէ սկզբունք չի կիրառվել: Ամբողջը քաղաքական պրոցես է համայնքի ղեկավարներից ազատվելու, իրենց քաղաքական շահն առաջ տանելու համար: Համայնքների շահը անտեսված է ամբողջությամբ: Համայնքների բաժանումն իրականացվել է ըստ իրենց թեկնածուների: տարածքներ կան՝ կիրառել են Խորհրդային տարիների բաժանման սկզբունքը, տարածքներ կա՝ այդ սկզբունքը չեն կիրառել: Օրինակ Ապարան համայնքում մեկ գյուղ միացրել են, որպեսզի ազատվեն համայնքի ղեկավարից, նշանակեն նոր ընտրություն:

Գեղարքունիքի Գեղամասար համայնքը, որն արդեն 18 բնակավայրերից բաղկացած խոշորացված համայնք էր, քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսի շրջանին: Էջմիածին քաղաքին ընդամենը մեկ գյուղ են միացնում եւ խոշորացում են անում: Նման բազմաթիվ օրինակներ կան»,-հայտարարեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ նպատակը համայնքներում իրենց իշխանությունը հաստատելն է:

Նրա խոսքով` մի շարք համայնքներում դժգոհություններ կան, սակայն հաշվի առնելով ներկայիս իշխանության վերաբերմունքը` չունեն համարձակություն իրենց բողոքն արտահայտելու. «Առնվազն 300 համայնքների ղեկավարների նկատմամբ այժմ քրգործեր կան հարուցված»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել և քննարկում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքել են ԱԺ նիստերի դահլիճը։