Համայնքների խոշորացումը կհանգեցնի աշխատատեղերի կրճատման։ Այս մասին սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ-ում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորների հարցերին։

Նրա խոսքով՝ 2016 եւ 2017թթ., երբ առաջին անգամ իրականացվեց համայնքների խոշորացում, 1400 մարդ կամ կրճատվեց, կամ պարզապես զրկվեց աշխատանքից։

«Այնուամենայնիվ, նրանցից 1200-ն այժմ աշխատում է։ Այսինքն՝ որոշ պաշտոններ ընկան կրճատման տակ, բայց նորից կազմավորվեցին արդեն խոշորացված համայնքում, կամ պարզապես ստեղծվեցին նոր պաշտոններ»,- պարզաբանեց Սանոսյանը։

Նախարարը չբացառեց, որ  կրճատումներ կլինեն նաեւ այս դեպքում։ Ընդ որում, նրա գնահատմամբ, համայնքապետարանների աշխատակիցների մոտ 80-90 տոկոսը կպահպանի աշխատատեղերը։ Իսկ ոմանք կարող են վերաորակավորվել երաժշտության ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների, կոմբայնավարների եւ այլն։