Որոշ գյուղեր խոշորացված համայնքի ավագանիում անդամներ չեն ունենա։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:   

«Մենք չենք կարծում, որ եթե ավագանու որեւէ համայնք չունենա իր ներկայացուցիչը, ապա այնտեղ հավաքված այլ համայնքների ներկայացուցիչներն այնքան վատը կդառնան, որ նրանք ոչինչ չեն ձեռնարկի կամ ոչինչ չեն անի այդ համայնքի համար: Կարծում եմ, որ դա տեղի չի ունենա», - ասաց Սանոսյանը:

Հիշեցնենք, որ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 24-ին խորհրդարանի արտահերթ նիստ կգումարվի՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագծի քննարկման համար, որը պատգամավորները միանգամից կքննարկեն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ: Ըստ ներկայացված նախագծի՝ նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի 69 համայնք, Արարատում՝ 105, Արմավիրում՝ 82, Գեղարքունիքում՝ 62, Լոռիում՝ 43, Կոտայքում՝ 30, Շիրակում՝ 40, Վայոց ձորում՝ 5 եւ Տավուշի մարզում՝ 3 համայնք: Բացի այդ, Էրքենանց գյուղը նախատեսվում է ներառել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում ընդգրկված բնակավայրերի ցանկում: Շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ իշխանությունները շտապում են փոխել վարչատարածքային բաժանումը` խոշորացված համայնքներում առաջիկա ընտրություններում գյուղական ընտրազանգվածի աջակցության շնորհիվ ավելի լավ արդյունքների հասնելու համար: