Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի նիստում որոշում կայացրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի մեկնարկի վերաբերյալ: Այդ որոշմամբ կառավարությունը սահմանեց այս ճանապարհահատվածի առաջնահերթությունը ընդհանուր ծրագրի այլ հատվածների շինարարության նկատմամբ։

Ըստ հիմնավորման՝ այն հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը։

Որոշման նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչև Իրանի սահման անվտանգ, ապահով ու արագընթաց ճանապարհ ունենալու անհրաժեշտությամբ։

«Նախագծով նախատեսվում է իրականացնել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված: Կլինեն 4.7 կմ ընդհանուր երկարությամբ մի քանի կամուրջներ ու 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ` ելնելով մեր երկրի լանդշաֆտի առանձնահատկություններից։ Նշեմ, որ ամենաերկարը Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ»,– ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 487 մլրդ ՀՀ դրամ։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ սրանով թևակոխում են Հյուսիս–հարավ մայրուղու Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական գործընթացի մեկնարկի փուլ։ «Հիմա մենք արդեն մրցութային փաթեթներն ենք պատրաստելու և հայտարարելու ենք միջազգային մրցույթ, և հույս ունենք, որ 2022 թվականի ավարտին արդեն շինարարության նախնական փուլը կմեկնարկի»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հաջորդը Թալին–Գյումրի հատվածն է, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում, և նախատեսում էին, որ 2020 թվականին հատվածի մի ուղղությունը պետք է շահագործման հանձնվեր, սակայն կորոնավիրուսով պայմանավորված օտարերկրյա գործընկերները չկարողացան ժամանել և հիմա այս տարի ամբողջ ծավալով տեղի է ունենում աշխատանքը։

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ հոկտեմբերի 20-ին կունենանք մեկ ուղղությամբ բացված Թալին-Գյումրի հատվածը:

«Սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, մեր հաղորդակցությանը` ԻԻՀ հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը։ Դա որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի շրջանակներում։ Եթե հարցը դիտարկենք ավելի լայն համատեքստում` տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացման շրջանակներում, ապա այս ծրագիրը բոլորովին այլ մասշտաբ ու նշանակություն է ունենում»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ միայն Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը կարելի է համարել Երրորդ Հանրապետության պատմության ամենամասշտաբային շինարարական նախագիծը:

Հիշեցնենք` «Հյուսիս–հարավ»` 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհը կոչված է կապելու երկրի հարավային շրջանները հյուսիսային շրջանների հետ։ Արդյունքում՝ 560 կմ միջինում 50 կմ/ժ արագությամբ գործարկվող ավտոմոբիլային ճանապարհը վերակառուցվելու է միջինում 80-100 կմ/ժ արագությամբ ճանապարհի, ինչի արդյունքում նշված հատվածի հատումը ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամի, կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը: