Եթե անձը վարակվել է կովիդով, օրգանիզմում կան հակամարմիններ, ինչո՞ւ պետք է պատվաստվի եւ ստանա հակամարմիններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հարց ուղղեցին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:

Ի պատասխան նա ասաց. «Մենք առաջնորդվում ենք գիտական պարբերականներում ամփոփված տվյալներով եւ մասնագետների խորհրդատվությամբ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք չենք կարող վստահ լինել, թե հակամարմիններն ինչ քանակով են պահպանվում մարդու օրգանիզում, ինչքան ժամանակ են պահպանվում եւ մենք, այո, ականատես ենք լինում կրկնավարակների: Պատվաստումները ամբողջացնում են մարդու իմունային շերտը, ստեղծելով բջջային մակարդակում հակամարմիններ T բջիջներ, որոնք կարեւոր են հիվանդությանը դիմակայելու մասով:

Հիմա եթե սկսենք հակամարմինների չափեր սահմանել, որոնց պատասխանները չունենք, եւ մարդկանցից վելորդ հետազոտություններ պահանջենք, չեմ կարծում, որ դա խելամիտ է:

Մասնագետներն ասում են, որ պատվաստումները ցուցված են նաեւ հիվանդացած ու առողջացած քաղաքացիներին, որովհետեւ դրանք լրացուցիչ պաշտպանական շերտ են ավելացնում»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանում առկա չեն աշխարհում եղած բոլոր պատվաստանյութերը, միչդեռ մարդիկ գուցե ցանկանում են պատվաստվել մի պատվաստանյութով, որը չկա Հայաստանում, Ավանեսյանն ասաց. «Փորձը ցույց է տվել, որ աշխարհում առկա բոլոր պատվաստանյութերը ցուցաբերում են գրեթե նույն պատկերը եւ որեւէ կարիք չկա սպասելու հաջորդ պատվաստանյութին»: