Մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը, Նիկոլ Փաշինյանի բառերով կիրթ ու կառուցողական ընկերը, շարունակում է բացահայտել կոնֆիդենցիալ գաղտնիքները, իսկ դրան զուգահեռ Նիկոլ փաշինյանը շարունակում է լռել եւ չներկայացնել, թե ինչ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որը պետք է եթեր հեռարձջակվեր 2020-ի սեպտեմբերի 25-26-ին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, թե հոկտեմբերի 7-ին ինքն առաջարկներ է արել Նիկոլ Փաշինյանին եւ եթե դրանք ընդունվեին, պատերազմը կարող էր դադարել;

«Այո, Ալիեը գաղտնազերծել է հերթական պայմանավորվածությունը, որը եղել է երեք կողմերից երկուսի միջեւ: Փաստորեն հոկտեմբերի 7-ին համաձայնություն են ձեռք բերել կանգնեցնել պատերազմը, բայց Նիկոլ Փաշինյանը չի կանգնեցրել: Մենք հոկտեմբերի 7-ին կորցրած չենք եղել Շուշին, Հադրութը, եւ ենթադրել է, որ շատ ավելի բարենպաստ են եղել պայմանները, քան կար նոյեմբերի 9-ին: Իսկ նոյեմբերի 9-ին մենք կապիտուլյացիոն ակտ ենք ստորագրել»,-ասաց նա:

Խամոյանի խոսքով, սպառնալից ոճով շարունակում է խոսել ոչ միայն Ալիեւը, այլեւ Էրդողանը. «Էրդողանը երեկ հայտարարեց, որ Հայաստանից դրական ազդակներ է ստացել: Նիկոլ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե ի վերջո, ինչ սիրախաղի մեջ է գտնվում Էրդողանի հետ, Ալիեւի հետ»: