Այսօր արդեն երկրորդ անգամ ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում։  

Օրակարգում երկու հարց կա․ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, ինչպես նաեւ «Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ։ Բոլոր հարցերը կքննարկվեն երկրորդ, վերջնական ընթերցմամբ։  

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարվել՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագծի քննարկման համար։ Ըստ ներկայացված նախագծի՝ նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի 69 համայնք, Արարատում՝ 105, Արմավիրում՝ 82, Գեղարքունիքում՝ 62, Լոռիում՝ 43, Կոտայքում՝ 30, Շիրակում՝ 40, Վայոց ձորում՝ 5 եւ Տավուշի մարզում՝ 3 համայնք: Բացի այդ, Էրքենանց գյուղը նախատեսվում է ներառել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում ընդգրկված բնակավայրերի ցանկում: Շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ իշխանությունները շտապում են փոխել վարչատարածքային բաժանումը` խոշորացված համայնքներում առաջիկա ընտրություններում գյուղական ընտրազանգվածի աջակցության շնորհիվ ավելի լավ արդյունքների հասնելու համար: