Անգլիական Շրյուսբերի քաղաքում հարսն ու փեսան իրենց հարսանիքի ժամանակ անսովոր փորձություններ են մտածել հյուրերի համար, որոնց միջով նրանք ստիպված են եղել անցնել՝ տոնական սեղանին մոտենալու համար, հայտնել է Daily Mirror-ը:

32-ամյա Ջեյմսն ու Ջեմմա Շերեդները օգոստոսի 21-ին իրենց հարսանիքին հրավիրել են 80 հոգու: Ջեյմսը, ով ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ է, Ջեմմային առաջարկել է ծածկագրել սեղանի համարները. նրանք հյուրերին ստիպել են լուծել իրենց անունների կողքին նշված մաթեմատիկական խնդիրը` պարզելու տոնական սեղանի մոտ նրանց տեղերը: Հարսն ու փեսան տոնակատարությունից առաջ հյուրերին խնդրել են կրկնել դիֆերենցումն եւ եռանկյունաչափությունը:

«Սկզբում հյուրերը խուճապի մատնվեցին, նրանք ասացին՝ միայն ոչ մաթեմատիկա: Սակայն շուտով բոլորը լուծեցին խնդիրները, եւ ոչ ոք սոված չմնաց», - պատմել է Ջեյմսը: Նա խոստովանել է, որ շատ է ափսոսում, որ չի տեսել մաթեմատիկան ատող հյուրերի դեմքերը բարդ խնդիրները լուծելիս:

Ջեյմսը պատմել է, որ ծաղրել է եղբորը եւ նրան տվել ամենահեշտ առաջադրանքը` հաշվել, թե որքան կլինի մեկին գումարած մեկ: Մյուս կողմից՝ փեսայի ընկերոջը, ով կրթությամբ մաթեմատիկոս է, բաժին է ընկել ամենադժվար խնդիրը: