Սալվադորի կառավարությունը որոշել է սկսել բնակչության տարբեր խմբերի պատվաստումները նոր կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի երրորդ դեղաչափով՝ որպես բուստերային (օժանդակ) միջոց, հայտնում է U.S. News-ը՝ վկայակոչելով նախագահ Նայիբ Բուքելեի թվիթերյան գրառումը:

«Հաշվի առնելով Իսրայելում բուստերային պատվաստման կիրառման հաջողությունը՝ մենք որոշեցինք սկսել բնակչության իմունիզացումը երրորդ պատվաստումներով»,- գրել է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ պատվաստումները Սալվադորում կսկսվեն կիրակի:

Մասնավորապես, առաջին հերթին խթանող դեղաչափը կներարկվի 60 տարեկանից բարձր տարեցներին, բուժաշխատողներին, ուսուցիչներին, փրկարարներին եւ քրոնիկ հիվանդություններով տառապող սալվադորցիներին: Այսպիսով, Սալվադորը կմիանա Լատինական Ամերիկայի երկրներին (Պանամա, Էկվադոր եւ Չիլի), որոնք արդեն կիրառում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը տարեցների եւ իմունային անբավարարությամբ մարդկանց համար:

Մոտ 6.4 միլիոն բնակչությամբ Սալվադորը, ըստ պաշտոնական տվյալների, փետրվարից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 12 միլիոն դեղաչափ է ստացել: Ավելի քան 3.9 միլիոն քաղաքացի ստացել է դեղամիջոցի առաջին դեղաչափը, ավելի քան 3.2 միլիոնը՝ լիարժեք պատվաստում: